Онлайн-школа армянского языка
Blog
Tumanyan.Online - ի աշակերտներից Նինա Կաչարովսկայայի պատմությունը
Մեր աշակերտներից Նինա Կաչարովսկայայի պատմությունը տպավորիչ է։ Նա, ապրելով Տյումենում և չունենալով ո՛չ ազգակցական կապեր, ո՛չ արմատներ Հայաստանում, սիրահարվում է հայոց լեզվին և մշակույթին, որոշում սովորել հայերեն։ Վարդգես Պետրոսյանը իր " Հայկական էսքիզներ" գրքում մի գեղեցիկ պամվածք ունի, որը պատմում է Նինայի մասին։

Լոս Անջելեսում լույս տեսնող մի թերթ իր տպաքանակի մի մասը ձրի է ուղարկում մարդկանց։ Եվ ահա մի օր խմբագիրը նամակ է ստանում մի հայրենակցից. «Քանի՞ անգամ պիտի թերթդ հետ ուղարկենք։ Չե՞ք հասկանար. մենք հայերեն չենք ուզեր կարդալ»։ Նամակը գրված էր հայերեն։

Ոչ թե «չենք կարողանում կարդալ», այլ «չենք ուզեր կարդալ»։ Արդեն Երևանում, տխրորեն վերհիշելով Նինա Կաչարովսկայայի երեք նամակները։

Նրա առաջին նամակի սկզբում մի քանի տող հայերեն էր։ Իր մայրենի այբուբենը երբևէ չէր հուզել ինձ. տառերը կարծես թե ոչ գրված էին այլ նկարած։ Ոչ մի տառասխալ չկար, բայց շարահյուսությունը լաց լինելու չափ հուզիչ էր. իսկույն կարելի էր կռահել գրողը կենդանի հայերեն չգիտի: Շարունակության մեջ, արդեն ռուսերեն, Նինան գրում էր. «Ինձ համար շատ դժվար է հայերեն գրել, դրա համար` ներեցեք, եթե շատ սխալներ լինեն, բայց ես անպայման ուզեցի ձեր մայրենի լեզվով ասել մի քանի բառ...

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տարիներ առաջ պատահաբար ձեռքս ընկավ «Վարդանանքը»։ Գիրքը շատ հետաքրքրեց, բայց աշխարհագրական անունները երկար էին ու անհասկանալի։Ճարեցի Հայաստանի պատմական քարտեզը, բայց ․․․ հայերեն էր։

Իմ բախտից Տյումենում ապրող հայեր կան։ Նրանք գրեցին ինձ համար ձեր այբուբենը, բացատրեցին ինչպես կարդալ տառերը։ Անզուսպ ցանկություն առաջացավ ինչ-որ բան ասել հայերեն։ Առաջինը՝ Նալբանդյանի «Ազատությունն» էր, հետո՝ Չարենց․․․

Հետո ես տեսա Երևանը... Այդ օրերին իմ շուրջը ես լսում էի միայն հայերեն և ես երազեցի իսկապես սովորել ձեր լեզուն... Ես չեմ պարծենալ, թե շատ բան գիտեմ Հայաստանի մասին, բայց նույնիսկ այն, ինչ գիտեի և տեսել եմ, առանձին տեղեկություններ էին։


«Հայկական էսքիզներ եր» այդ ամենը միահյուսեցին ամբողջության մեջ. ես տեսա իմ Հայաստանը։ Ներեցեք, գուցե Հայաստանին «իմ» ասելու իրավունք չունեմ, և, այնուամենայնիվ, Հայաստանը միայն ձերը չէ, նաև իմն է ինչ-որ չափով։ Ոչ, ես երբևէ չեմ ապրել Հայաստանում, իմ ազգականների մեջ հայեր չկան, իմ մասնագիտությունն էլ չի առնչվում ձեր ժողովրդի պատմության հետ (ես մաթեմատիկոս եմ, աշխատում եմ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գծով)։ Ինձ համար աշխարհի ամենանվիրական գետը Վոլգան է, ամենասրտառուչ երգերը ռուսական երգերն են, բայց Հայաստանը նրա պատմությունը, լեզուն նույնպես թանկ են ինձ համար»։

Անծանոթ մեկը գրում է ինձ Հայաստանը միայն քոնը չէ, և ես հրճվում եմ այդ նախադասությամբ, կոկորդս սեղմում են շնորհակալության տաք բառերը, որ կուզենայի ասել անծանոթ ռուս աղջկան։ Այո, սիրելի Նինա, նաև քոնն է Հայաստանը, և ես խորապես հավատում եմ այդ բառերին, որովհետև աշխարհում քեզ համար ամենանվիրական գետը Վոլգան է, ամենասրտառուչ երգերը ռուսական երգերն են։

Դու եղել ես Երևանում և գիտես, որ քո հայրենիքը նաև ի՛մ Ռուսաստանն է, որովհետև սեփական ժողովրդի նկատմամբ ունեցած որդիական սերը ոչ թե արգելափակոց է, փակուղի դեպի ուրիշ ժողովուրդ, այլ ծիածան է, կամուրջ, լեռան ճանապարհ դժվար, բայց ազնիվ ու վեհացնող։ Մարդիկ չեն կարող ապրել առանց մեկը մեկու, և առանց իրար չեն կարող ապրել ժողովուրդները։ Բայց սիրելն ավելի հեշտ է, քան իմանալը։ Դու իմանալով ես սիրում Հայաստանը, և այդ սիրուն ես հավատում եմ։

Երկրորդ նամակում Նինան գրել էր, որ իրենց էլեկտրոնային հաշվիչ մեքենան արդեն «խոսում է» նաև... հայերեն։ Նրա նամակի հետ ուղարկել էր պերֆոժապավենը. «Հասկացա՞ք։ Այստեղ մի քանի տող է «Հայկական էսքիզներից»։ Ես կազմեցի ոչ մի ծրագիր և հիմա մեքենան կարող է ուզածդ տեքստը գրել... հայերեն»։

Կարելի՞ է պարզապես կարդալ ու անցնել այս բառերը։ Աներևակայելի հեռվում, Սառուցյալ օվկիանոսի ափին ապրող մի ռուս աղջիկ այդպես ներշնչված է Հայաստանով...

Իսկ այն, ինչ գրել էր Նինան իր վերջին նամակում, չի տեղավորվում մարդկային հույզի ծանոթ որևէ շրջանակի մեջ. «Ապրիլի 24-ին,- գրում է նա,- ես մի փունջ ծաղիկ առած գետափ գնացի։ Սիրում եմ նայել գետի ալիքներին, մանավանդ, երբ ուզում եմ մենակ լինել և մտածել։ Գետափ եկա, իսկ արդեն սկսել էր... սառցահալը: Հենց ապրիլի 24-ին։ Ես նայում էի շարժվող սառույցներին և փորձում էի պատկերացնել ուրիշ մի գետ մարդկային, որ հենց այդ րոպեներին բարձրանալիս պիտի լինի դեպի Ծիծեռնակաբերդ, Մեծ ցեղասպանության զոհերի հուշարձանը։ (Հիշո՞ւմ եք «Էսքիզներում». «Մարդկային գետ է, բայց վեր է բարձրանուն»)։ Ես շատ կուզենայի այդ օրը լինել ձեզ հետ, որ իմ ծաղիկներն էլ դնեի հուշարձանի քարերին, բայց... Բայց ես նստեցի իմ ծաղիկները սառցաբեկորների վրա, հուսալով, որ ծաղիկները կհասնեն Երևան։ Հասա՞ն..»

Հասան, սիրելի Նինա և ես, այո, իմ աչքերով տեսա հյուսիսային մրսած քո ծաղիկները Ծիծեռնակաբերդի հուշարձանի կրակի մոտ, երևանյան շուշաններին, մեխակներին ու վարդերին միահյուսված, իսկ հիմա, լարելով գրողական իմ երևակայությունը, ուզում եմ պատկերացնել քեզ քո մայրենի գետի ափին, իմ ժողովրդի տխրությամբ մթնած։ Ուզում եմ տեսնել քո բաց կապույտ աչքերը, որ նայում են լողացող սառցաբեկորներին, որ տանում են քո ծաղիկները, ուզում եմ բռնել քո մաքուր, ազնիվ հայացքը և շնորհակալություն բառը թվում է ճմռթված թղթադրամ` ինձ համակած զգացմունքի ոսկին արտահայտելու համար։

Իսկ վերջո՞ւմ. դու չէ՞ս կարոտել քո՛ Հայաստանը... Հայաստանը կարոտել է քեզ, Նինա Կաչարովսկայա անունով իր ռուս աղջկան։




ОТЗЫВЫ ОБ УЧИТЕЛЯХ
Тамара Нерсесян
Арман Шахбазян
Аркадий Сафаров
Игорь Смирнов
Познакомьтесь со своим будущим преподавателем и узнайте свой уровень армянского на пробном уроке

Пройдите тестирование на уровень владения языком
Тел: 7 (499) 288-24-23
info@tumanyan.online